Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Փաստի դեմ կռիվ չկա

Փաստի դեմ կռիվ չկա
07.11.2008 | 00:00

«ԻՆՆԵՐՈՐԴ ԱԼԻՔ»
Ինդիկատորի էֆեկտը, որն ամեն անգամ ուղեկցում է ՀՀ վերահսկիչ պալատի (ՎՊ) հրապարակած հաշվետվություններին, լավագույն ցուցիչն է մեր հասարակության ինտոքսիկացիոն դիմադրողականության:
ՀԱՃԵԼԻ Է ԵՎ ՕԳՏԱԿԱՐ

Դիտարկելով ՎՊ-ի վերջին ամիսների գործունեությունը` գոնե ասուլիսային մակարդակում, հասկանալի է դառնում` խնդիր է դրված շարժել հասարակությունն այս ինստիտուտի միջոցով: Շարժվո՞ւմ է հասարակությունը, թե՞ ոչ, դեռ վաղ է ասել, բայց որ հանրության որոշ շերտերում ու նրանց «ընդերքում» պրոցեսներ են ընթանում, խիստ ակնհայտ է:
Բոլոր դեպքերում, ՎՊ-ի պարագայում փորձ է արվում հաճելին համակցել օգտակարի հետ` գտնելով այն ոսկե միջինը, որը հասարակությունը, իսկ առաջին հերթին տնտեսական-քաղաքական համակարգը, կբերի բալանսի: Եվ դա կարվի հնարավորինս անցավ, առանց կոշտ վիրահատական միջամտությունների, բայց և միևնույն ժամանակ` անառարկելի փաստերի, անժխտելի ապացույցների միջոցով:
Երկար էր խոսվում համակարգային փոփոխությունների, «նրբորեն» ձևակերպած` երկրորդ սերնդի բարեփոխումների մասին: ՎՊ-ի գործելաոճն այդ նախակարապետության առաջին քայլն է, կարծես, և, որպես առաջին, հնարավոր է նաև շատ բան կուտ գնա: Բայցև` չի բացառվում, որ արձանագրվի սպասված պոկումը, որն այնքան անհրաժեշտ է այս երկրին:
«Կուտ գնալու» փաստագրումը կատարվում է մտայնությունից, որ դաշտը, ուր մտել է ՎՊ-ն, ամենապայթուցիկն է մեզանում: Եվ որքան էլ որոշում լինի, քաղաքական դաշտում ՎՊ-ն գործ չունի և այն շրջանցելով է «շողուլի» բերելու հասարակությունը, իմա` համակարգը, միևնույն է, արդեն իսկ առաջին արձագանքներից ակնհայտ է. քաղաքականությամբ չզբաղվողներով քաղաքականությունն ինքն է զբաղվում:
Ասել է` շատ դժվար է լինելու և խաղի մեջ մտածների, և խաղին աջակցողների համար: Չնայած հանգամանքին, որ գործի կազմակերպիչները` ՎՊ-ի ղեկավարությունը, «մերձավորները», այսպես ասած, քաղաքական կամքի իրենց դրսևորումներում փորձել են հիմնովին լիբերալ մոտեցումներ ամրագրել: Չտրվենք բարձրագոչ եզրույթներին` «հակակոռուպցիոն պայքա՜ր, քաղաքացիական հասարակության սաղմե՜ր, գիտահետազոտակա՜ն-միտահետազոտակա՜ն», բայց և արձանագրենք` ՎՊ-ի սկսած այս մեծ խաղում հաճույքն ու կուսությունը միաձույլ են քայլում.
ա) իրականացված վերահսկողության շնորհիվ միլիոնավոր դրամներ են վերադառնում պետբյուջե:
բ) Բոլորը, և հատկապես անցած տասը տարիների беспардонный պահվածքով առանձնացածները հասկանում են` իրենց հետևող աչք կա, և ապա` ամեն լավ բան մի օր վերջանում է:
գ) Պատճառահետևանքային կապը պահպանվում է, և ստեղծված լիբերալ մոտեցմանը երբեմն փոխարինում է առավել կտրուկ մոտեցումը, ինչպես եղավ օրերս. ՎՊ-ն մի շարք գործեր ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկեց:
Թարգմանենք. ավտոկրատ հասարակություններում միշտ էլ սպասում կա` որևէ մեկին պատժելու: Ոնց երևում է, այս առումով ՎՊ-ն բավականին բարդ դիլեմայի առջև է կանգնած. նոր օրենքով ՎՊ-ին հնարավորություն է տրվում «պատժիչ ֆունկցիաներ» իրականացնել, այն է` դատախազություն գործեր ուղարկել: Սակայն եթե ՎՊ-ն տրվի այդ «կոնցեպտին», փորձի այդ PR տարրն առավել կիրառել` հասարակությանը դուր գալու, հասարակության ներքին-չբացահայտված հագուրդին տուրք տալու համար, կայացման երկչոտ քայլեր անող այդ ինստիտուտը ոչ միայն կթուլանա, այլև այս դեպքում տեղին կլինի հայտնի ֆրազի կիրառումը` «իր սկիզբն, ավաղ, իր վերջը կդառնա»:
Այսպիսով, բուն «պատժիչ ֆունկցիան» «պատվիրակելով» պատկան մարմիններին` Աղվան Գառնիկիչին, ՎՊ-ի ձեռագրում նկատվում է հետևյալ մոդուլիզացիան` բարոյական տեսանկյունից ամենաաղաղակող գործերի նկատմամբ անպայմանորեն հանդես բերել քաղաքացիական դիրքորոշում: Այլ կերպ հնարավոր չէ բացատրել նախորդ օրը հենց ՎՊ խորհրդի նիստի ժամանակ կայացրած որոշումը` որբ երեխաների համար գնված բնակարանների «աղետալի» վիճակին առնչվող ստուգումների արդյունքները գլխավոր դատախազին ուղարկելը:
Բոլոր դեպքերում, մնում ենք այն կարծիքին, որ խիստ «նրբագեղ», միևնույն ժամանակ հատու կռիվ է սկսվել համակարգը ներսից փոխելու ուղղությամբ, ու կռիվը մեծ է, բայց այն պատերազմի չի հասցվելու:
Ի դեպ, թե մի քիչ էլ առաջ գնանք և արձանագրենք, անցնող շաբաթն անչափ հետաքրքիր միքս էր` արտաքաղաքական և ներքաղաքական առումով. երկրի նախագահը հասցրեց միանգամից այցելել աշխարհի երկու, եթե ոչ երեք կենտրոններ, ժպտալ, ասուլիսներ տալ, ընթրել «կենտրոնների» հետ` իր թիկունքին ունենալով որոշ հուսալի ձեռքերի թփթփոցներ, նույն այդ շաբաթվա ընթացքում ՎՊ-ն շարունակեց շարժել հայաստանյան ներքին «ընդերքը»` հետաքրքիր արդյունքներով:
Любопытно!
ԱՅԺՄ` ԼՈԿ ՓԱՍՏԵՐ
Իշխան Զաքարյանի նախորդ օրվա ասուլիսը նույնպես սկանդալային էր` փաստերի առումով, ինչպես որ էին նախորդ երկուսը: Եթե ոչ ավելին: Ընդ որում, ըստ լավատեղյակների, այն, ինչ ներկայացվում է այդ ասուլիսներում, ընդամենն այսբերգի գագաթն է: Վերահսկողության ամեն շարժից բացվում են «անտիկ քարանձավներ», որոնք մարդկային երևակայությունը դժվար թե կարողանա ընդգրկել: Ոնց երևում է, ՎՊ-ն առաջ է գնում դանդաղ շտապելու կանոնով:
Անցնենք ներկայացված փաստերին. ընտրանքային սկզբունքով Արմավիրի և Արագածոտնի մարզերում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է. մի շարք ընկերություններ («Մանշին», «Տեդաս», «Մաննախ») գումարներ են հավաքել Վանանդ, Բագրավան, Երվանդաշատ... համայնքներից, պայմանագիր են կնքել, սյուներ են տնկել, «վերադարձել» են գյուղ, երեք անգամ պայմանագիրը երկարացրել են, գյուղացիների հետ համատեղ նայել են իրենց տնկած սյուներին, հետո «գնացել ու էլ չեն վերադարձել»՝ հիշյալ համայնքներին պատճառելով 439 մլն դրամի վնաս:
ՎՊ-ն այդ ընկերություններին առայժմ «առաջարկել» է ավարտել գյուղերի գազիֆիկացումը մինչև 2009-ի փետրվարը: Իսկ եթե ոչ, ժամկետները խախտելու դեպքում այդ գործերը ևս կհայտնվեն դատախազությունում, ինչպես եղավ «Էջմիածին Ջրշին» ՍՊԸ-ի դեպքում: Ո՞րն է խնդիրն այս դեպքում. «Էջմիածին Ջրշին» ՍՊԸ-ն պետք է ամրացներ Հրազդան գետի ափերը, ըստ պայմանագրի` 15 տարվա երաշխիքով: Սակայն ընդամենը 1-1,5 տարի անց ու հենց ՎՊ-ի մասնագետների աչքի առաջ, ստուգումների ու չափագրումների պահին այդ պատնեշները ջուրը քշել-տարել է (закон подлости-ի սկզբունքով):
Արդյունքում հայտնաբերվել են 32,2 մլն դրամի խախտումներ: Պարզվել է` պատնեշները կառուցվել են առանց հիմքերի, «ուղիղ» հողի վրա: Հիշյալ ՍՊԸ-ն (ըստ լրատվամիջոցների` չձևակերպված, բայց իրականում ոչ անհայտ Հակոբ Հակոբյանին` Ճոյտին պատկանող) «առարկել» է ՎՊ-ի ներկայացրած «փաստերին»:
Այնուհետև ՎՊ-ն հարցում է կատարել համապատասխան մասնագիտական կազմակերպությանը` «Հայջրնախագիծ» ինստիտուտին, վերջինս էլ ամբողջովին հաստատել է ՎՊ-ի եզրակացությունը:
Հաջորդ փաստը, որ ներկայացվեց ասուլիսում, ամենաարտառոցը, եթե ոչ ամենատխուրն էր մինչ այս եղած փաստերի մեջ:
Երկար տարիներ է, ինչ պետության համար առաջնահերթ խնդիր էր մանկատան շրջանավարտների ապագա ճակատագիրը: Վերջապես 2003-ին որոշում կայացվեց ինչ-որ կերպ լուծել այդ ցավոտ հարցը, որպեսզի որբ երեխան հասունացումից հետո կարողանա դառնալ հասարակության լիարժեք անդամ: Խնդրի իրականացումը «վստահվել» է «Սոկոլ-գրուպին», անշուշտ, մրցութային «կարգով»: Պատվիրատու սոցապնախարարության հայտարարած երկու մրցույթներում ոչ ոք չի հաղթել, հետո երրորդ «մրցույթում» «հաղթել» է այդ «գրուպը», որն անցնում էր ՎՊ մյուս ասուլիսների «դրվագներով» ևս (լրատվամիջոցները գրում են, որ այն պատկանում է ոչ անհայտ, ԼՂ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին):
Մի խոսքով, որբ երեխաների ճակատագրի «վրայով» «շրջանառվել» է 1 մլրդ 200 մլն դրամ գումար: «Սոկոլ-Գրուպը» 2004-2006 թթ. ընթացքում բնակապահովման պետական ծրագրերի շրջանակում 746,2 մլն դրամ արժողությամբ 132 բնակարանի փոխարեն հանձնել է 70-ը, մնացած 62 բնակարանները` 295 մլն դրամ արժողությամբ, 29.09.2008-ին այդպես էլ չեն հանձնվել: 30.09.2008 թ. «Սոկոլ-գրուպը» պետբյուջե է վերադարձրել 296,2 մլն դրամ:
Խնդիրն այսքանով չի ավարտվում. գնված յոթանասուն բնակարաններն էլ շատ նման են եղել «որբի գլխի, ով հասել` խուզել է»` խախտելով նույնիսկ տիեզերական չափաբանությունը, թե որբի տերն Աստված է: Գնված բնակարանների մի մասը կամ գտնվել է նկուղային հարկում, կամ «մասանդրայում» (ականջը կանչի Քոչարյանի), ուր ապրելու մինիմալ պայմաններ, բնականաբար, չեն եղել` կոյուղագծերի, տանիքի բացակայության, կոմունիկացիոն խողովակների առկայության պատճառով:
Այս «դրվագով», ինչպես վերևում ասացինք, ՎՊ-ն որոշում է կայացրել վերահսկողության արդյունքներն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն:
ՉՓԱՍՏԵՐ

Այն, որ ՎՊ-ի բացահայտումները բուռն հակազդեցության ու համազդեցության «իններորդ ալիքներ», եթե ոչ` «Կատրին» փոթորիկներ էին առաջացնելու, կասկածել պետք չէր, ինչն անչափ դրական է: Նշանակում է` հայ հասարակությունը, չնայած բուռն պնդումներին, լիարժեք լճացման խորխորատներում չէ ու դեռ կենդանի է: Բայց որ էս երկրում բոլոր, հատկապես նախորդ վարչակազմի համակրանքը վայելող «ստուգվողներն» աքիլլեսներ են` զուտ գարշապարի տեսանկյունից, առանձնապես զարմանալի չէ:
Իսկ Իշխան Զաքարյանն ասաց. «Ոմանց կրունկները տրորել ենք, մտել ենք այնպիսի դաշտ, որը շատերին դուր չի գալիս»:
Վերամարմնավորված աքիլլեսների շարքը, թերևս, գլխավորում է Սյունիքի մարզպետը: Կարելի էր արձանագրել, որ Սյունիքում ՎՊ-ի ստուգումներից հետո բոլոր այն համայնքապետերը, ովքեր խախտումներ էին թույլ տվել, այս ՏԻՄ ընտրություններում չընտրվեցին, ու ասելիքն ավարտել: Բայց քանի որ, ըստ Ի. Զաքարյանի, Սյունիքի մարզպետը «կարող է» հավակնել Ցիցերոնի և այլոց տիտղոսին, ու քանի դեռ պաշտոնավարում է, որպես պետական պաշտոնյայի, վերջինիս հետ ևս պետք էր խոսել փաստերի լեզվով:
Փաստ ա) «Մեծ պատմիչ» Սուրեն Խաչատրյանն «Ազատություն» ռ/կ-ով և տեղական «Խուստուփ» հ/ը-ով պատմել էր, որ խախտումներ չեն եղել, պարզապես աշխատանքները չեն ավարտվել, «զի ենք փոքր ածու, ու նաև` ձմեռ էր Սյունյաց հողում»:
ՎՊ նախագահը մեկ առ մեկ ցույց տվեց օգոստոսափառ ստորագրությունը. օգոստոսի 3, սեպտեմբերի 7... թե ինչպես էր «պատմիչը» Սյունյաց աշխարհում ձմեռը համադրել այդ ամիսների հետ, կիմանա լոկ ինքը` «գրագետ» պարոն Խաչատրյանը:
Այսպիսով, ՎՊ-ի հայտնաբերած խախտումների փաստը հիմնովին ժխտած Սյունիքի մարզպետին և ասուլիսին ներկա լրատվամիջոցներին տեղեկացվեց, որ ՎՊ-ի հայտնաբերած 94 մլն դրամի խախտումներից 84-ը մարզպետարանը վերականգնել է աշխատանքով, 10 մլն դրամն էլ վերադարձվել է պետբյուջե: Ներկայացվեցին նաև կտրոններն ու կատարողական ակտերը` մարզպետի ստորագրությամբ:
Հաջորդ «չփաստերն» առնչվում էին քաղաքաշինության նախարարությանը: «Դեպքն» առավել նուրբ էր այն առումով, որ քաղշինում ՎՊ-ից հետո ստուգումներ էր սկսել նաև նախագահի վերահսկողության ծառայությունը, ինչն էլ պարարտ հող էր դարձել «գարշապարավոր աքիլլեսների» համար` լուրեր դնել շրջապտույտի մեջ, թե ՎՊ-ի տվյալները հավաստի չեն, իմա՝ «չփաստեր» են, մի աչք ևս պետք է այդ ամենը նայի՝ «ժխտելու» համար եղածը:
Ըստ ՎՊ նախագահի` «երբ ՀՀ նախագահի մոտ համապատասխան նախարարների, այդ թվում և` քաղշին նախարարի ներկայությամբ ներկայացվում էին ՎՊ-ի ստուգումների արդյունքները, քաղշին նախարարն ասել է, որ խախտումների մեծ մասը վերականգնվել է: Նախագահը նախ հանձնարարական է տվել ՎՊ-ին, որ վերջինս ստուգի` արդյո՞ք քաղշինը, իսկապես, վերականգնել է այդ խախտումները` գումարային և աշխատանքի տեսքով: ՎՊ նախագահի խնդրանքով (եթե ևս մեկ-երկու ամիս կրկին «մտնեն» քաղշին նախարարություն, ապա ՎՊ-ի ընթացիկ ստուգումները հետ կընկնեն ժամանակացույցից.- «Իրավունքը de facto») վերստուգումների է գնացել նախագահի վերահսկողական ծառայությունը, որն էլ հիմնարար ապացուցել է, որ ոչինչ ՎՊ-ի արձանագրություններում «փուչիկ չէ, որ պայթի», այլ ռեալ, հողեղեն փաստեր են. խախտումները քաղշինում առկա են:
Եվ որքան էլ ՎՊ նախագահը ողջ ընթացքում (նախորդ ասուլիսների պես) փորձում էր ամեն կերպ չտեղափոխվել քաղաքական դաշտ, պնդելով` «դա մեր գործելաոճը չէ, մենք անում ենք մեր գործը, որը քաղաքականության հետ կապ չպետք է ունենա». այն պարզ պատճառով, որ այդ դաշտում կփոշիանա ամեն բան, բոլոր դեպքերում շատերն են ՎՊ-ին ու նրա «արդյունքները» մղում-հրում դեպ քաղաքական դաշտ, որպեսզի այդ օրորոցում խեղդեն սկսված ձեռնարկները:
ՎՊ նախագահը, այնուամենայնիվ, «տեղափոխվեց» այդ դաշտ` «վերջին անգամ անդրադառնալով որոշ խնդիրների»:
Որովհետև անհրաժեշտ էր ասել.
ա) ՎՊ նախագահի պաշտոնը քվոտավորված չէ, ուստի երբեք չի կարող պատկանել ԲՀԿ-ին, ինչպես թվում է ԲՀԿ-իստներին:
բ) Հարկավոր էր ֆիքսել. ՎՊ-ն գոնե այն չվարկաբեկված կառույցն է, որը երբեք փուչիկ-սալյուտային էֆեկտով չի առաջնորդվելու. երկրի առջև մարտահրավերներն առավել են, որպեսզի գոնե այս պահին, երբ ոչ միայն լճացման, այլև տնտեսական-բարոյական դեգրադացիայի հրեշն է «շրջում» հասարակության-երկրի մենթալ պլանում, նման շռայլության տրվի:
գ) «Որևէ մեկն իմ և Ծառուկյանի հարաբերությունների մեջ և մեջտեղում չի կարողանալու հայտնվել։ Առաջիկայում ես հանդիպելու-խոսելու եմ պարոն Ծառուկյանի հետ, ցույց եմ տալու այս բոլոր փաստերը, քանզի խորապես համոզված եմ, որ նրան շփոթության մեջ են գցել»,- ասաց ՎՊ նախագահ Ի. Զաքարյանը` փորձելով վերջ դնել պրակտիկային, երբ հազար տարվա ընկերները, փոխանակ ընտրեն միմյանց հետ շփվելու ամենատարրական-մարդկային միջոցները, ընտրում են միմյանց հետ լրատվամիջոցներով խոսելու շատ «տարողունակ ուղին»:
Հիշո՞ւմ եք, այդ առիթով զարմացած էր նաև Սերժ Սարգսյանը, երբ Քոչարյանն ասել էր. «Գյուլը թող չգա Հայաստան, ես չէի կանչի նրան»:
Բոլոր դեպքերում, համոզված ենք, որ «էմոցիոնալ» պարոն Ծառուկյանը հասկանալու ու հասկացվելու է այդ հանդիպման ընթացքում:
Բաց մնաց մեկ հարց. Ի. Զաքարյանը տո՞ւն է գնել Փարիզում և «փախե՞լ» է Հայաստանից:
Համենայն դեպս, նախորդ օրը «փաստերը» բոլորովին այլ բան էին ապացուցում. նա բացահայտումներ էր կատարում, խախտումներ էր արձանագրում ու խորհուրդ էր տալիս «շահագրգիռներին»` գնալ Փարիզ, գտնել իր գնած տունն ու այն սեփականացնել:
Ինքը կհոգա բոլոր ծախսերը:

«Իրավունքը de facto»-ի վերլուծական բաժին

Դիտվել է՝ 4288

Մեկնաբանություններ